Հրապարակային սակարկությունների կանոնակարգ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կանոնակարգը սահմանում է «Ջրիգին» (jrigin.com) կայքում (այսուհետ՝ Հարթակ) նոր կամ օգտագործված ապրանքների վաճառքի նպատակով անցկացվող հրապարակային սակարկությունների կարգը, մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։
1.2. Հարթակում գրանցվելով և սակարկությանը մասնակցելով՝ Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է սույն կանոնակարգին և ընդունում է այն ամբողջությամբ։
1.3. Հարթակը գործարքի կողմ չէ։ Այն տրամադրում է տեխնիկական միջավայր, որտեղ Վաճառողն ու Գնորդը կարող են իրականացնել սակարությունից բխող գործարքենր։
1.4. Կանոնակարգում օգտագործվող տերմինները.
- Օգտատեր — Հարթակում գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ։
- Վաճառող — Օգտատեր, որը տեղադրել է հայտարարություն ապրանքի վաճառքի մասին։
- Մասնակից — Օգտատեր, որը սակարկության ընթացքում ներկայացրել է գնային առաջարկ։
- Առաջարկ — Մասնակցի կողմից ներկայացված գումարը, որով նա պատրաստ է գնել ապրանքը։
- Սակարկություն — Վաճառողի սահմանած ժամկետում առաջարկներ ընդունելու գործընթաց։
- Հաղթող — Սակարկության ավարտին ամենաբարձր առաջարկ ներկայացրած Մասնակիցը։
- Կրեդիտ — Հարթակի ներքին հաշվարկային միավոր, որն օգտագործվում է հայտարարություն տեղադրելու և սակարկությանը մասնակցելու համար։
- Տուգանք — Սույն կանոնակարգի պահանջները խախտելու համար Օգտատիրոջից հանվող կրեդիտներ։
2. Գրանցում և մասնակցություն
2.1. Սակարկություն սկսել կամ դրան մասնակցել կարող է միայն Հարթակում գրանցված Օգտատերը։ Օգտատերը գրանցվում է համակարգում միայն իր կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկված ծանուցման հաստատման դեպքում։
2.2. Հարթակի կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել միայն 18 տարեկանը լրացած անձինք։
2.3. Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ հաշիվ։
2.4. Մի քանի հաշիվ օգտագործելը, այդ թվում՝ սեփական ապրանքի գինն արհեստականորեն բարձրացնելու համար, արգելվում է և հանգեցնում է հաշվի արգելափակման։
2.5. Օգտատերը պատասխանատու է իր հաշվի տվյալների ճշտության և գաղտնաբառի պահպանության համար։ Հաշվից կատարված բոլոր գործողությունները համարվում են Օգտատիրոջ կողմից կատարված։
3. Հայտարարության տեղադրում
3.1. Վաճառողը կարող է տեղադրել հայտարարություն միայն այն նոր կամ օգտագործված ապրանքի վերաբերյալ, որը հանդսանում է իր սեփականությունը կամ որի սեփականատիրոջ անունից լիազորված է հանդես գալու։
3.2 Հայտարարություն տեղադրելով՝ Վաճառողը հաստատում է, որ ապրանքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Եթե պարզվում է, որ ապրանքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, Վաճառողի հաշիվն արգելափակվում է։
3.3 Իրավապահ մարմինների՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված պահանջի դեպքում, Հարթակը նրանց տրամադրում է Օգտատիրոջ և նրա գործարքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը։
3.4. Հայտարարություն պատրաստելիս Վաճառողը պարտավոր է լրացնել բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը։ Պարտադիր պահանջները չբավարարելու դեպքում հայտարարությունը չի հրապարակվում։
3.5. Հայտարարությունը պետք է պարունակի ապրանքի ճշգրիտ նկարագրություն, վիճակը, առկա թերությունները և իրական լուսանկարներ։ Թերությունների թաքցումը համարվում է կանոնակարգի խախտում։
3.6. Վաճառողը կարող է սահմանել նվազագույն մեկնարկային գին։ Դրանից ցածր առաջարկներ չեն ընդունվում։ Վաճառողը կարող է նաև առանձին տողում նշել «Գնիր հիմա» գինը, որով նա պատրաստ է անմիջապես վաճառել ապրանքը մինչև սակարկության ավարտը։ Այդ գինը պետք է գերազանցի մեկնարկային գինը։
3.7. Արգելվում է տեղադրել ՀՀ օրենսդրությամբ արգելված կամ սահմանափակված ապրանքներ։
3.8. Հայտարարությունը կայքում հրապարակվում է միայն կայքի կառավարչի կողմից մոդերացիա անցնելուց և հրապարակումը թույլատրվելուց հետո։ Մոդերացիայի արդյունքում մերժված հայտարարության համար կրեդիտներ չեն գանձվում։
3.9. Հրապարակումից հետո ևս Հարթակի կառավարիչը իրավունք ունի առանց նախազգուշացման հեռացնել հրապարակումը, եթե այն իր մեջ պարնուկում է սույն կանոնակարգին հակասող տեղեկատվություն։
4. Սակարկության ընթացքը
4.1. Հարթակում սակարկությունն անցկացվում է աճուրդի երկու տեսակով՝ Ժամկետային աճուրդ և Ուղիղ աճուրդ, որոնցից մեկը Վաճառողն ընտրում է հայտարարությունը տեղադրելիս.
4.2. Ժամկետային աճուրդ` Վաճառողը նշում է աճուրդի սկզբի և ավարտի ժամկետները։ Աճուրդը կարող է սկսվել հայտարարության հրապարակման պահից կամ Վաճառողի նշած ամսաթվից և ժամից։
4.3. Ժամկետային աճուրդի տևողությունը չի կարող գերազանցել 365 օրացույցային օրը։
4.4. Ուղիղ աճուրդ` Վաճառողը նախապես պատրաստում է հայտարարությունը և առանձին նշում աճուրդի մեկնարկի ամսաթիվը և ժամը։
4.5. Մինչև մեկնարկը Մասնակիցները կարող են ներկայացնել նախնական առաջարկներ։
4.6. Մեկնարկից 5 րոպե առաջ նախնական առաջարկ ներկայացրած բոլոր Մասնակիցները ծանուցվում են համակարգի միջոցով։
4.7. Մեկնարկի պահից Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ։ Յուրաքանչյուր նոր առաջարկից հետո աճուրդը երկարաձգվում է 30 վայրկյանով։ Եթե 30 վայրկյանի ընթացքում նոր առաջարկ չի ներկայացվում, աճուրդն ավարտվում է և համարվում կայացած։ Եթե մեկնարկից հետո 30 վայրկյանի ընթացքում ոչ մի առաջարկ չի ներկայացվում, Հաղթող է ճանաչվում ամենաբարձր նախնական առաջարկ ներկայացրած Մասնակիցը։
4.8 Մինչև մեկնարկը հայտարարությունը տեսանելի է Օգտատերերին, սակայն առաջարկներ չեն ընդունվում, բացառությամբ ուղիղ աճուրդի նախնական առաջարկների։ Սակարկությունը սկսվելուց հետո ժամկետները փոփոխել չի թույլատրվում։
4.9. Առաջարկների տեսանելիությունը.
- Ժամկետային աճուրդի դեպքում բոլոր Մասնակիցները տեսնում են այլ Մասնակիցների ներկայացրած առաջարկները, որոնք ցուցադրվում են կայքի առանձնացված հատվածում։ Մասնակիցների իրական նույնականացման տվյալները տեսանելի չեն այլ Մասնակիցներին։
- Ուղիղ աճուրդի դեպքում Մասնակիցները տեսնում են միայն վերջին ներկայացված առաջարկը։ Յուրաքանչյուր նոր առաջարկ պետք է գերազանցի այն։ Առաջարկ ներկայացրած Մասնակիցների տվյալները տեսանելի են միայն Վաճառողին։
4.10. Մասնակիցը կարող է ներկայացնել այնքան առաջարկ, որքան թույլ է տալիս իր կրեդիտների մնացորդը։ Ներկայացված առաջարկը հնարավոր չէ նվազեցնել կամ հետ կանչել։
4.11. Ներկայացված առաջարկը պարտավորեցնող է։ Առաջարկ ներկայացնելով՝ Մասնակիցը պարտավորվում է գնել ապրանքը նշված գնով, եթե ճանաչվի Հաղթող։
4.12. Սակարկության ընթացքում Վաճառողը չի կարող հանել հայտարարությունը կամ էականորեն փոփոխել ապրանքի նկարագրությունը, եթե արդեն առկա է նվազագույնը մեկ առաջարկ։
4.13. Սակարկությունն ավարտվում է Վաճառողի ընտրած ժամկետի լրանալու պահին, իսկ ուղիղ աճուրդի դեպքում՝ 4.1 կետով սահմանված կարգով։ Ավարտից հետո նոր առաջարկներ չեն ընդունվում։ Մինչև սակարկության ավարտը Վաճառողի կոնտակտային տվյալները փակ են Մասնակիցների և այլ Օգտատերերի համար։
4.14. Սակարկության ավարտին Հաղթող է ճանաչվում ամենաբարձր առաջարկ ներկայացրած Մասնակիցը։
4.15. Եթե Վաճառողը նշել է «Գնիր հիմա» գինը, մինչև սակարկության ավարտը Մասնակիցը կարող է ձեռք բերել ապրանքը այդ գնով՝ սեղմելով «Գնիր հիմա» կոճակը։ Այդ դեպքում սակարկությունն անմիջապես ավարտվում է, կոճակը սեղմած Մասնակիցը ճանաչվում է Հաղթող։ Սույն կանոնակարգի 5.1 կետով նախատեսված հաստատում չի պահանջվում։ Հաղթողի հրաժարման դեպքում կիրառվում են սույն կանոնակարգով նախատեսված տուգանքները։
5. Հաղթողի հաստատում
5.1. Սակարկության ավարտից հետո Վաճառողը պարտավոր է հաստատել Հաղթողին 24 ժամվա ընթացքում։ Վաճառողը իրավունք չունի ընտրել այլ Մասնակցի, քան սույն կանոնակարգի 4.7 կետով որոշված Հաղթողը։
5.2. Եթե Վաճառողը 24 ժամվա ընթացքում չի հաստատում Հաղթողին, սակարկությունը համարվում է չկայացած, իսկ Վաճառողից կրեդիտներով հանվում է տուգանք՝ համաձայն 6-րդ բաժնի։
5.3. Հաստատումից հետո Հաղթողը ստանում է ծանուցում և Վաճառողի կոնտակտային տվյալները։
5.4. Եթե Հաղթողը հաստատումից հետո հրաժարվում է գործարքից, Հաղթողից կրեդիտներով հանվում է տուգանք՝ համաձայն 6-րդ բաժնի։
5.5. Հաղթողի հրաժարման դեպքում Հաղթող է ճանաչվում հաջորդ ամենաբարձր առաջարկ ներկայացրած Մասնակիցը։ Վաճառողը նրան հաստատում է սույն բաժնով սահմանված նույն կարգով և ժամկետում։
5.6. Եթե այլ Մասնակիցներ չկան կամ նրանք բոլորը հրաժարվել են, սակարկությունը համարվում է չկայացած։ Այս դեպքում Վաճառողից տուգանք չի հանվում, և նա կարող է կրկին տեղադրել հայտարարությունը։
6. Կրեդիտներ և տուգանքներ
6.1. Հայտարարություն տեղադրելու և սակարկությանը մասնակցելու համար Հարթակում օգտագործվում են կրեդիտներ։
6.2. Օգտատերը կրեդիտները ձեռք է բերում վճարովի՝ Հարթակի սահմանած սակագներով։ Հարթակն իր հայեցողությամբ կարող է նաև տրամադրել անվճար կրեդիտներ։ Կրեդիտները դրամով չեն փոխարինվում և չեն փոխանցվում այլ Օգտատերերի։
6.3. Կրեդիտները գանձվում են հետևյալ գործողությունների համար.
| Գործողություն | Երբ է գանձվում | Կրեդիտ |
|---|---|---|
| Հայտարարության տեղադրում | Հրապարակման պահին | 50 |
| Առաջարկի ներկայացում | Առաջարկ ներկայացնելիս | 20 |
| Առաջարկի բարձրացում | Բարձրացնելիս | 20 |
| «Գնիր հիմա» կոճակի սեղմում | Կոճակը սեղմելիս | 20 |
6.4. Գանձված կրեդիտները չեն վերադարձվում, այդ թվում, եթե Մասնակիցը չի հաղթել կամ սակարկությունը չի կայացել, բացառությամբ 6.5 կետով նախատեսված դեպքի։
6.5. Եթե սակարկության ընթացքում հայտարարության մեջ հայտնաբերվել է սույն կանոնակարգի խախտում, և կայքի կառավարիչը հեռացրել է հայտարարությունը, տվյալ սակարկության բոլոր Մասնակիցներին վերադարձվում են այդ սակարկության համար ծախսած կրեդիտները։
6.6. Կանոնակարգի խախտումների համար Օգտատիրոջից որպես տուգանք հանվում են կրեդիտներ.
| Խախտում | Ում է վերաբերում | Տուգանք (կրեդիտ) |
|---|---|---|
| Հաղթողին 24 ժամում չհաստատելը | Վաճառող | 50 |
| Հաղթողի հրաժարումը գործարքից | Հաղթող | 50 |
| Արգելված նկարագրությամբ հայտարարության տեղադրում (3.4 կետ) | Վաճառող | 100 |
6.7. Եթե Օգտատիրոջ կրեդիտների մնացորդը բավարար չէ տուգանքը հանելու համար, մնացորդը դառնում է բացասական։ Բացասական կամ զրոյական մնացորդի դեպքում Օգտատերը չի կարող տեղադրել հայտարարություններ և ներկայացնել առաջարկներ, մինչև չլրացնի մնացորդը։
6.8. Խախտումն արձանագրվելու դեպքում Օգտատերը ծանուցվում է այդ մասին և ծանուցումից հետո 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկել տուգանքը՝ կապվելով կայքի սպասարկման կենտրոնի հետ։ Տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, եթե այդ ժամկետում բողոք չի ներկայացվել կամ բողոքը մերժվել է։ Բողոքը բավարարվելու դեպքում տուգանքը չի կիրառվում։
7. Գործարքի կնքում
7.1. Վաճառողը և Հաղթողը գործարքը կնքում են անմիջականորեն՝ Հաղթողի առաջարկած գնով։ Վճարման և հանձնման եղանակը կողմերը որոշում են փոխադարձ համաձայնությամբ։
8. Պատասխանատվություն
8.1. Հարթակը պատասխանատվություն չի կրում ապրանքի որակի, վիճակի, նկարագրությանը համապատասխանության, ինչպես նաև կողմերի միջև վճարման և հանձնման համար։
8.2. Վաճառողը պատասխանատու է հայտարարության մեջ նշված տեղեկությունների ճշտության համար։ Գնորդը պատասխանատու է ստանձնած վճարման պարտավորության կատարման համար։
8.3. Հարթակի կառավարման համար պատասխանատու կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Օգտատերերի կողմից տրամադրված տեղեկատվության համար։
8.4. Սույն կանոնակարգի պայմաններին հակասող հրապարակումը կայքի կառավարչի կողմից կարող է բլոկավորվել կամ հեռացվել։
9. Վեճերի լուծում
9.1. Կողմերի միջև վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հարթակի աջակցման ծառայությանը, որը կարող է ուսումնասիրել դեպքը և կիրառել 6-րդ բաժնով նախատեսված միջոցներ։
9.2. Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
10. Անձնական տվյալներ
10.1. Օգտատերերի անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին և կայքում առանձին հրապարակված Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։
10.2. Մասնակցի կոնտակտային տվյալները Վաճառողին տրամադրվում են միայն Հաղթողին հաստատելուց հետո։
10.3. Օգտատերը համաձայնում է, որ իրավասու պետական մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված պահանջի դեպքում Հարթակը պարտավոր է նրանց տրամադրել Օգտատիրոջ անձնական տվյալները, հայտարարությունների, առաջարկների և գործարքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը։
11. Եզրափակիչ դրույթներ
11.1. Հարթակն իրավունք ունի փոփոխել սույն կանոնակարգը՝ փոփոխությունների մասին Օգտատերերին ծանուցելով դրանց ուժի մեջ մտնելու պահին։ Օգտատիրոջ վիճակը վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն և չեն տարածվում արդեն ընթացող սակարկությունների վրա։
11.2. Կանոնակարգը հրապարակվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Տարբերակների միջև հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տեքստը։
11.3. Կանոնակարգը Օգտատիրոջ համար ուժի մեջ է մտնում նրա կողմից կանոնակարգի հրապարակային ակցեպտավորման (ընդունման) պահից։